«Եթե կա հայ գրականություն, այն պետք է լինի շարժման մեջ, իսկ գրականությունը գեղարվեստական չի լինի, եթե զուրկ լինի ռիթմերից: Սա արձակի համար ավելի էական է, քան բանաստեղծության, քանի որ պոեզիան երևի մեղեդու, ռիթմի և բառի համամասնությամբ է ծնվում, իսկ արձակը պետք է մի քիչ մտորի, թե լույս աշխարհ գալուց հետո և քայլ անելուց առաջ մեկնարկային ո՞ր գծի վրա է դնելու ոտքը: Հետո կարող է փոխել թե՛ գիծը, թե՛ արագությունը, թե՛ ռիթմը, եթե արդեն հմուտ վազորդ է և մտադիր է անպայման հասնել հաղթական վերջնակետին»,- սա հատված է Ալիս Հովհաննիսյանի հետ ունեցած իմ հարցազրույցից` «Ճյուղեր-տերևներ» վեպի առնչությամբ:
Այս վեպը, որ առայժմ վերջինն է գրողի ստեղծագործական պահոցում, պատմական անցյալի ու մերօրյա իրականության յուրօրինակ խաչաձևումների գրական համադրում է, որում իրական ու երևակայական հերոսները մեզ ներքաշում են մեր ժամանակի անհանգստությունների խճճված լաբիրինթոսի մեջ` դրա ծայրը հասցնելով մինչև Անիի թագավորության ոչ պակաս անհանգիստ ժամանակշրջան:
Գրողը խոստովանում է, որ երկար է կռվել այս վեպի հետ, «տարել-բերել է, վազեցրել, հղկել, տաշել, սնել, սոված, արտաքսված թողել, վերագտել և ի վերջո կոփել բոլոր շերտերը» այնքան, մինչև մնացել է, իր կարծիքով, ամենակարևոր ասելիքը նրանում:
Վերջին շրջանում շատ ժամանակակից գրողների մոտ եմ նկատում գրականության ժառանգորդական կապը մեր դասականների հետ: «Ճյուղեր-տերևներ» վեպը ևս բացառություն չէ այս առումով: Մեր ժողովրդի համար բախտորոշ 1937 թվականին Դերենիկ Դեմիրճյանը գրեց «Երկիր հայրենի» դրաման` անդրադառնալով Գագիկ թագավորի գահակալության, Վեստ Սարգսի դավաճանության, Անիի անկման ժամանակաշրջանին: Նույն այդ ժամանակաշրջանի անդրադարձն ենք տեսնում նաև «Ճյուղեր-տերևներում»: Երբ Ալիս Հովհաննիսյանին հարցրի, թե ինչով է բացատրվում այս հանգամանքը, նա մեկնաբանեց. «Ֆենոմեն է, երբ հանկարծ ժամանակակից մի քանի գրողներ միանգամից բռնում են օդում սավառնող թեմաները։ Իհարկե, Դեմիրճյանը ժամանակակիցս չէ, բայց հենց պատմական այս շրջանին` անիական շրջանին, գրողները չեն կարողանում անտարբեր նայել»:
Մենք հասկանալիորեն հակված ենք պատմական թեմայով գրված գեղարվեստական գործերում առավելապես տեսնել դրանց հեղինակների ստեղծագործական երևակայության դրսևորումները, խստորեն չդատել և չվերլուծել դրանք` որպես պատմական փաստերի արձանագրում, չընկալել գրողների երևակայության թռիչքները` որպես իրական եղելությունների ճշգրիտ վերարտադրություն: Բայց ինչ-ինչ պատահականություններ ոչ պատահականորեն զուգահեռվում են ազգի կենսագրության, իրական պատմության և գրողական մտահղացման տիրույթներում: Այսպիսի մի զուգահեռումի արդյունքում Ալիս Հովհաննիսյանը հայտնաբերել է իր վեպի գլխավոր հերոսուհու` Շուշանի նախատիպին հայոց պատմության անհաշիվ ծալքերում: «Վեպը գրելու ընթացքում,- ասում է գրողը,- չափից դուրս շատ եղան զուգադիպություններ, երբ հորինվածքը հանկարծ գտնում էր իր բնօրինակին: Սա արվեստի անբացատրելի երևույթներից է երևի: Երբ արդեն որոշել էի, որ իմ հերոսուհու անունը Շուշան պետք է լինի, պատմագրության մեջ գտա, որ իմ հերոսուհու մայրական տատին` Մեծ իշխան Գրիգոր Համզեի տիկնոջը, Շուշան են կոչել»:
«Ճյուղեր-տերևներ» վեպի գործողություններն առաջ մղող կերպարների մեջ, ըստ իս, առավել կարևորվում է բժիշկ-փիլիսոփա Պանտալեոն-Արտուրոյի անձը: Արդյո՞ք սա գրողի ներքին համոզմունքի կամ գուցե ցանկության արտահայտությունն է այն իմաստով, որ բոլոր ժամանակներում, բոլոր հանգամանքներում մարդկանց և ժողովուրդների ճակատագրերը վճռվում են գիտության, հոգևոր արժեքների հոլովույթում: Ալիս Հովհաննիսյանը հակված է կարծելու, որ բժիշկ Պանտալեոնը, որը պատմական անձ է և, ըստ Րաֆֆու, իսկապես էլ թաղված է Գետաշենում` մի բլրի վրա, պիտի որ շատ մեծ դեր ունեցած լիներ պալատական Անիում: Այդուհանդերձ նա կարծում է, որ փիլիսոփաները` գուցե, բայց գրողները միշտ չէ, որ կարողանում են ազդել քաղաքական իրադարձությունների վրա:
Սովորաբար պատմական ժամանակներին անդրադարձումների դաշտում ստեղծագործողները չեն հիշատակում նորօրյա դեմքերին: Թերևս այս օրինաչափության ժխտման հազվադեպ օրինակներից են Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» և «Վերածնունդ» պաննոները: Ալիս Հովհաննիսյանն այս իրողությունը տեղայնացրել է գրական անդաստանում ու անցյալի ստվերների հետ միասին հանդես բերել մեր կողքին ապրող, մեզ քաջածանոթ այսօրվա երևելիներին, որ պիտի հարյուրամյակներ անց դառնան պատմավիպասանության նյութ ու առանցք:
Իսկ ո՞րն է այդ առանցքը հենց իր` Ալիս Հովհաննիսյանի համար, եթե նա գրական շրջապտույտներ է կատարում իր ապրած ժամանակներում: Դա, իհարկե, Գյումրին է, թե՞ Լենինականը, Կումայրին` իր աշխարհացունց ողբերգությամբ, իր երկրաշարժով, որի ավերածությունը գրողի հոգում շարունակվում է ու հառնում գրեթե բոլոր հետերկրաշարժյան տարիների գործերում, բայց առավելապես՝ «Լենինական-Կումայրի-Գյումրի» վիպակում:
Գրեթե օրվա, ժամի ճշգրտությամբ «Ճյուղեր-տերևներում» պատմվում է վերջին տասնամյակներում մեր գլխով անցածը, բայց գրողը շրջանցում է 88-ի երկրաշարժի ժամն ու ամսաթիվը, որը, այնուամենայնիվ, իր չարագույժ ներկայությամբ հայտնվել է գրքի կազմին ու բազմաթիվ էջերում: Գրողը բացատրում է, որ թեև «Ճյուղեր-տերևներում» ժամն ու ամսաթիվը չկան, որ հերոսուհու գրառումները վերսկսվում են դեկտեմբերի 7-ից հետո` աղետից օրեր անց, այդուամենայնիվ երկրաշարժի չարագույժ ոգին իշխում է իր վեպում: Իսկ գրառումներ չկան, որովհետև այդ օրերին Շուշանը չէր կարող գրիչ առնել ձեռքը, գրառումներ անել, ինչպես որ ինքը` Ալիսը չի կարողացել 1988-ի վերջին օրերին և 1989-ի առաջին ամիսներին: Եվ գուցե նաև այն պատճառով, որ «Լենինական-Կումայրի-Գյումրի» վիպակում հերոսներից մեկի` բռնցքամարտիկ Մուկուչի տեսած բազմախորհուրդ երազի նկարագրությունից հետո անհնար էր ավելի հզոր մի տող գրել երկրաշարժ կոչված ամենակուլ հրեշի ու մարդկային մեղքի գիտակցման մասին: Մեղքի, որը ծնեց երկրաշարժ:
Ալիս Հովհաննիսյանը ձգտում է այն գաղափարաբանությունը հասցնել իր ընթերցողին, թե ամենայն մեծ ու փոքր չարիք թաղված է մեր արարքների ու ասելիքի խորքերում:
Իր երեք վեպում էլ գրողը իբրև աշխարհի անցուդարձերի էպիկենտրոն է դիտարկում Հայաստանը, իբրև կատարված ու կատարվող իրողությունների գլխավոր շարժիչ ուժ` հային: «Օղակը փակվում է» վեպում Հայկի կերպարով նա նորօրյա Նոյի ծնունդն է շեփորում, և մարդկությունը` որպես գոյատևումի փարոս, իր համար կեցավայր է ընտրում Հայաստանը: Ազգային արժանապատվության, մեր գոյատևումի նկատմամբ հավատի հավաստիացումները, սակայն, զերծ են սնապարծության դրսևորումներից: Ալիս Հավհաննիսյանի հերոսները իրեղեն են, մարդկային թուլություններով ու անկատարություններով: Բայց այդուհանդերձ, նրա վեպերում գերիշխող է այն մտայնությունը, թե հայ մարդն աշխարհի մերանն է, հայի տեսակը կոչված է ի մի բերելու բոլոր ցեղերն ու ռասսաները` ի հեճուկս այն ծիծաղելի գիտափորձերի, այն «իմաստուն» միջազգային ծրագրերի, որոնք հղանում են աշխարհի հզոր տերությունների գիտնականներն ու քաղաքական գործիչները` այս կամ այն սրճարանում մի պատառ ուտելիքի կամ մի կում ըմպելիքի վայելումին զուգընթաց, ինչպես որ դա ներկայացվում է «Օղակը փակվում է» վեպի հերոսների` երիտասարդ գիտնական Քեթի և նրա ավագ գործընկեր Ֆոքսի պարագայում:
Ալիս Հովհաննիսյանի վիպագրությունը ձևավորում է գրական մի տարածություն, ուր ոչինչ իմիջիայլոց չէ, թեթև ու հպանցիկ չէ: Նրա գրողական տեսադաշտում, նրա գրչի երկնումներում դրամատիզմով հագեցած դեպքեր են ու այդ դեպքերից գլուխ հանելու դատապարտված մարդկային ճակատագրեր: Թվում է, թե այդպիսի ասելիքով ներկայացող գրողը պիտի մռայլ, ծանր, ճնշող պատումաշար մատուցի իր ընթերցողին, թե պիտի լույսը, հույսը, ապագայի հանդեպ հավատը մի կերպ, շատ աղոտ շողարձակեն նրա տողերում: Բայց գուցե թե իր ընթերցողի հանդեպ մարդկային կարեկցանքից, գուցե թե ներքին լավատեսությունից դրդրված կամ պարզապես գրողի ենթագիտակցական, բնազդական մղումով՝ նրա գրչի տակ ամենալուրջ ասելիքը հանկարծ ստանում է զավեշտի երանգավորում, ամենադրամատիկ թվացող իրադրության մեջ նա ծիծաղ է ներդնում, և այս իմաստով շատ է հիշեցնում մեր ազգային ճակատագրի խրթին ոդիսականի տարատեսակ դիպվածները գեղարվեստավավերագրող Գուրգեն Մահարուն, որ արցունքի միջից ծիծաղելու հնարքի մեծագույն վարպետն էր հայ գրականության ողջ համապատկերում:
Երեք վեպ կար իմ ուսումնասիրության տարածքում, երբ ձեռքս առա թուղթն ու գրիչը և փորձեցի առանձին նշումներով ի մի բերել զգացողություններս Ալիս Հովհաննիսյան վիպասանի առնչությամբ: Բայց համակարգչի առջև նստած սկսեցի կանոնավոր գրի վերածել ասելիքս, ու ոչինչ այդ նշումներից չներառվեց իմ խոսքում, որովհետև Ալիս Հովհաննիսյանին չի կարելի ներկայացնել այս կամ այն քաղվածքի ծավալներում, նրա գաղափարակիր հերոսներին չի կարելի բնորոշել մեկ-երկու արտահայտությամբ, մեծ կամ փոքր դիալոգների հերթագայությամբ: Այդ հերոսներին հնարավոր չէ կոնկրետացնել ու ճանաչել` վկայակոչելով նրանց արտաքինի, խառնվածքի, ճակատագրի վերաբերյալ գրողի տված նկարագրությունները:
Իսկ գուցե, այնուամենայնիվ, չդիմադրեմ գայթակղությանը, փորձեմ ինչ-որ կտորներ մեջբերել քննության առարկա երեք վեպերից: Ավերված Գյումրու փլատակներից վեր հառնող մի կյանքի պատմության վրա է կանգ առնում ընտրությունս, որը թերևս ամենատիպականն է Հայաստան աշխարհը համառորեն չլքող տեսակների համար: Ուրեմն, հետևենք Ալիս Հովհաննիսյանի հարյուրավոր էջերից ընտրված մի քանի պատառ գրին` «Լենինական-Կումայրի-Գյումրի» վիպակից, որը ոչ միայն երկրաշարժված, պատուհասված Գյումրու և գյումրեցի տատի, այլև վերջին տասնամյակներում անհաշիվ սասանումներից հիմնախախտված Հայաստանի ու նրա հավատարիմ-համառ բնակիչների մասին է:
«Դեկտեմբերի 7-ի աղետալի րոպեին, ընտանիքի տատը սովորականի պես իր լայն փեշերը փռած` նստած էր նույն բազկաթոռի մեջ, որ հարյուր տարի առաջ նրա ամուսինը բերել էր Վանից…
…Տատին դուրս չբերեցին փլատակներից, այլ նրա խնդրանքով շուրջը մաքրեցին, տան քարերից չորս պատ շարեցին և ծածկ դրեցին…
…Տատի մահից հետո Լենան փորձեց տեղաշարժել նրա ճոճաթոռը` մի քիչ շարժվելու տեղ բացել: Հենց այստեղ էլ հեքիաթի կախարդանքի նման բացվեց նստատեղի մաշված թավիշը, դուրս թափվեց ընտանիքի դարավոր գերդաստանական հարստությունը»:
Էլ ինչո՞ւ զարմանալ, երբ ի հեճուկս իրեն կարեկցելու նախատրամադրված ամերիկաբնակ հայերի` Լենան ներկայանում է թագուհուն վայել հագուկապով և շքեղաշուք զարդերով: Նա, որ սեփական տանից վռնդվել էր փողոց ընդամենը մոր տված օժիտի մեկ վերմակով ու բարձով, ժառանգում է ամուսնու 125-ամյա տատի` Արևմտյան Հայաստանից փրկած ու տասնամյակներով պահպանած տոհմական գանձերը: Ասել է, թե Ալիս Հովհաննիսյանը հավատում է ոչ միայն հայ ժողովրդի` երկրաշարժից հառնելու, այլև մարդկության պատմության ամենամեծ արհավիրքներից մեկի` 1915-ի գեհենից հառնելու ու նախնիների կուտակածին տեր դառնալու հեռանկարին:
Ալիս Հովհաննիսյանի պատկերած իրականության ու անիրականի համաձուլվածքում մի բան հստակ է` նրա հերոսները չեն դադարում հավատալ ու ապավինել տեսիլքին:
Գրողին նաև հարց եմ տվել. «Ի՞նչ է ստացվում. մենք` հայերս, դատապարտվա՞ծ ենք տեսիլքներին ապավինելու ճակատագրին՚: Պատասխանը բնավ զարմանալի չէր. «Բայց չէ՞ որ տեսիլքները հենց այնպես, զուր տեղը չեն հայտնվում։ Ուրեմն դրան ոչ թե դատապարտվածություն, այլ շնորհ ասենք, Աստծո շնորհ և Աստվածային պարգև»։
Այս շնորհին էլ հավատանք ու ապավինենք` երբեք հարկադրված չլինելով երկմտել, թե արդյո՞ք ընդամենը ինքնախաբեություն չեն մեզ մշտապես չլքող լուսավոր տեսիլքները, որոնք, ուզենք թե չուզենք, անքակտելի բաղկացուցիչն են դարձել դեպի հավերժը միտված մեր ազգային ոդիսականի: Ու եթե անգամ այդ տեսիլքերը ոչ թե լուսավոր են, այլ ահասարսուռ այնքան, որքան գյումրեցի Մկրտիչի տեսած երազը «Լենինական-Կումայրի-Գյումրի՚ վիպակում, ապա, միևնույն է, մեզ վիճակված չէ անհուսության գիրկն ընկնելու ճակատագիրը, որովհետև ինչպես Ալիս Հովհաննիսյանի լավատեսությունն է հավաստում այդ ճշմարտությունը, այնպես էլ իրենից տասնամյակներ առաջ այդ են վկայել մեր բազմաթիվ երևելի գրողներ:
«… երբեք չէ ներկայացված Տիար Հուսահատության եւ ոչ մեկ ծանոթություն ունի անոր հետ»,- հային տրված` երգիծաբան Նշան Պեշիկթաշլյանի գնահատականն է:
«Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ` հուսահատություն»,- սա արդեն Դերենիկ Դեմիրճյանն է:
Ուրեմն փաստենք, որ Ալիս Հովհաննիսյանն ավագների հերթափոխն ստանձնած ջահակիրն է, որ իր բաժին վազքուղին անցնելուց հետո պիտի նաև հոգա այդ ջահն արժանի հաջորդին փոխանցելու մասին:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ